ԵՄ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն մեղմացվի մոտ ժամանակում: Դրանք, ամենայն հավանականությամբ, ողջ ծավալով կգործեն մինչև 2015-ի մարտը: Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն՝ հղում անելով ԵՄ-ի իր աղբյուրներին: ԵՄ-ն մարտի 17-ից սկսած ՌԴ-ի դեմ ընդունել է պատժամիջոցների 9 փաթեթ: Անհատական սահմանափակումները վերաբերել են 119 ֆիզիկական և 23 իրավաբանական անձանց: Բացի այդ, սահմանափակող միջոցառումներ են ձեռնարկվել ռուսական էներգետիկ, ֆինանսական և պաշտպանական ոլորտների նկատմամբ:
Երեքշաբթի ԵՄ-ում կքննարկվի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը և ՈՒկրաինայի իրավիճակը, սակայն որևէ որոշում այդ հանդիպման ժամանակ չի կայացվի: Ըստ կայքի՝ Ռուսաստանն իրավիճակը փոխելու հնարավորություն կունենա հաջորդ տարվա մարտի 15-ին մոտ: ԵՄ խորհրդի այս տարվա մարտի 17-ին ընդունված ՌԴ դեմ պատժամիջոցների մասին որոշման մեջ ասվում է, որ սահմափակումները գործում են մինչև սեպտեմբերի 17-ը, այնուհետև սեպտեմբերի վերջին ԵՄ խորհուրդը միաձայն որոշում է ընդունել երկարացնել փաթեթի գործողության ժամկետը մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը: Մարտի 15-ից հետո երկարացնելու համար կրկին անհրաժեշտ կլինի ԵՄ երկրների միաձայն համաձայնությունը: